ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի' Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվել է, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:

 

Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում է կայացվել երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբ ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում:

 

Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան' ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին:

 

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է փոխպատվաստման կենտրոն, շրջել բոլոր բաժանմունքներով, ծանոթացել վիրասրահների պայմաններին: Քննարկվել են օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը: