ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեն գիտական ակտիվ ծրագրեր է իրականացնում մի շարք միջազգային գործընկերների հետ:Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ ԱՄՆ-ի հետ համագործակցում են միջուկային քրեագիտության ոլորտում:
«ԱՄՆ-ի հետ ստեղծել ենք միջուկային քրեագիտության կենտրոն, որը տարածաշրջանային խնդիրներ է լուծելու: Այն շատ կարևոր գործառույթ է ունենալու: Հպարտ եմ, որ նման կենտրոն հիմնելու համար ընտրվել է Հայաստանը: Այս ուղղությամբ բավական աշխատանք է կատարվել: Արդեն ստեղծվել է լաբորատորիա ատոմակայանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Մոտ ժամանակներս մեր գործընկերները կգան Հայաստան: Մենք այս ուղղությամբ կունենանք նաև մագիստրոսական ծրագրեր»-ասաց Սամվել Հարությունյանը:
Գիտության կոմիտեն կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ: Շարունակվելու են ակտիվ աշխատանքները ԵՄ «Հորիզոն -2020» ծրագրին գիտական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Նախատեսվում են իրականացնել գիտական համագործակցության հայ-իտալական և հայ բուլղարական ծրագրեր:
Երևանում 2017 թվականին անցկացվել է Հայաստանում Միջուկային քրեագիտության փորձաքննության բնագավառի զարգացման վերաբերյալ նիստը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: