Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրախորհրդին՝ կոչ անելով «հետագա սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել» Ռուսաստանի նկատմամբ, եթե առաջընթաց ձեռք չբերվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում:

 

Ինչպես նշվում Է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հունվարի 15-ին ԵԽ-ի նստաշրջանում ընդունված բանաձեւում, եվրախորհրդարանականներն առաջարկում են պատժամիջոցները տարածել «Էներգետիկական հատվածի վրա», ինչպես նաեւ «սահմանափակել միջազգային ֆինանսական տրանզակցիաներ կատարելու ռուսական կազմակերպությունների հնարավորությունը»:

 

Եվրախորհրդարանակաները նաեւ խնդրել են եվրակոմիսարներին՝ «մշակել գործիքներ, որոնք թույլ կտան Եվրամիությանը եւ նրա անդամ պետություններին՝ եվրոպական եւ ազգային մակարդակով հակազդելու քարոզարշավին»: Նրանց կարծիքով՝ Ռուսաստանը վարում Է այնպիսի «քաղաքականություն, որը սպառնալիք Է ներկայացնում Ուկրաինայի միասնության եւ անկախության համար եւ պոտենցիալ սպառնալիք ստեղծում Եվրամիության համար»:

 

Անդրադառնալով ուկրանական ճգնաժամին՝ եվրախորհրդարանակաները հայտարարել են, որ «ԵՄ-ի անդամների համար խոչընդոտներ չկան՝ Ուկրաինային տրամադրելու պաշտպանողական զինատեսակներ»:

 

Եվրախորհրդարանն արձանագրել Է, որ «Ռուսաստանն ամբողջ ծավալով չի կատարում Մինսկի պարտավորությունները», եւ այդ կապակցությամբ կոչ Է արել «պահպանել պատժամիջոցների գոյություն ունեցող ռեժիմը»:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, խորհրդարանականները վերստին հայտարարել են այն չափանիշների ցուցակը մշակելու անհրաժեշտության մասին, որոնց ապահովման դեպքում կարելի կլինի խոսել նոր պատժամիջոցների բացակայության կամ արդեն սահմանվածների չեղարկման մասին:

 

Դրանց թվում, մասնավորապես, նշվել են «կրակի դադարեցումը, Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի դուրսբերումը, Ուկրաինայի ողջ տարածքի, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ հսկողությունը Կիեւին վերադարձնելը»: