Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Գերմանիայի կանցլերի հետ ունեփցած քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի կողմից. «Մենք այստեղ հակասություններ և հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը: