Որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում։ «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Երեւանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է։ Այնինչ, մեր առաջարկությունը խաղաղությունն է, եւ մենք սպառնալիքներ չենք օգտագործում մեր տարածաշրջանում որեւէ մեկի հանդեպ։ Մենք պատրաստ ենք խաղաղության»,- ասել է նա՝ ի պատասխան ադրբեջանցի մասնակցի հարցի։

Փաշինյանն ընդգծել է, որ անձամբ պատրաստ է երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլեւ ադրբեջանցի ժողովրդի հետ, «որովհետեւ մենք քննարկելու շատ բան ունենք»։ Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին «Ադրբեջանի կազմում միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղի մասին»՝ Փաշինյանն ընդգծել է, որ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ» անվամբ, ունի Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին որոշում կայացնելու մանդատ։ «Ձեր կառավարությունը ներգրավված է բանակցային գործընթացում։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում կարգավիճակի սահմանման վերաբերյալ»,- ասել է նա։