Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմելով հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր կանխատեսումների համաձայն օգոստոսի 17-ին հրավիրված հավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, իսկ այդ պայմաններում բոլորից պահանջվում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն դրսևորել:

«Ես ցանկանում եմ խնդրել, որպեսզի մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք: Մենք արդեն փորձ ունենք իրականացնել այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր էլ մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն: Չեմ կարող բացառել, որ կլինեն ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին անպայման պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, խնդրում եմ պարզապես դիմել ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրել, որտեղ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Նիկոլ Փաշինյանը հավաքի ընթացքում հանդես կգա ծավալուն ելույթով: