ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի Դեղերի արտադրության դեպարտամենտ' ծանոթանալու կառույցի գործունեությանը, արտադրական պայմաններին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում երկու երկրի ներկայացուցիչներն անդրադարձել են դեղերի արտադրության, գրացնման, իրացման, ոլորտի կանոնագարման խնդիրներին:

 

Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքներին և կանոններին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության մասին: Մասնավորապես' ծրագրվել է դեղարտադրության ոլորտում բելառուսական փորձի ուսումնասիրման և դրա արդյունավետ կիրառման նպատակով հայաստանյան մասնագետների այց գործընկեր երկիր:

 

Բելառուսում ձգտում են ավելացնել տեղական դեղերի արտադրությունը: 29 դեղարտադրող կազմակերպությունից 5-ը պետական են և գործում են անմիջապես կառավարության վերահսկողության ներքո:

 

Դեղարտադրության ոլորտում մասնագիտացած Մինսկի Դեղերի արտադրության դեպարտամենտը ամենահինն ու խոշորն է Բելառուսում, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 1929 թվականից: Այն սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ' մշտապես իրականացնելով նպատակային ծրագրերը, հաջողությամբ կիրառում է արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդեր, ունեն Պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրեր: Դեպարտամենտում տարեկան գրանցվում և ներդրվում է 10-ից 15 նոր դեղ: