Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 23-ին տեղի է ունենում Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես է գալիս մեղադրվող կողմը: «Եթե Վարդան Պետրոսյանն իրականում գերազանցել է սահմանված արագությունը, ապա յուրաքանչյուր նույն մակնիշի ավտոմեքենա, եթե երթևեկեր նույն ձևով և նույն պայմաններում, պետք է դուրս գար կողնակ:

 

Ես աշխատել եմ միջազգային փորձագետների հետ, որոնք, հատուկ տեխնոլոգիաների միջոցով վերականգնելով վթարի ողջ պատկերը, եզրակացրել են, որ վթարը չէր կարող լինել կողնակում, և եթե ուշադիր նայենք վթարից հետո արված լուսանկարներին և ուսումնասիրենք մեքենայի բեկորների տեղայնացումը, ապա կտեսնենք, որ իմ վստահորդի ավտոմեքենան հարվածի հետևանքով է հայտնվել կողնակում, մենք կարող ենք դա հիմք ընդունել, թող փորձագետներն ուսումնասիրեին և մեզ ասեին, թե Վարդան Պետրոսյանն ինչ սխալ է կատարել, որը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային վթարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա նկատեց, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի տեղաշարժը չի սահմանափակվել: «Անընդունելի եմ համարում, որ այն ժամանակ, երբ Վարդան Պետրոսյանը դեռևս գտնվելով վերակենդանացման բաժանմունքում, իրավապահ մարմիններն ուղարկում են հատուկ գրություն, ըստ որի' պետք է փակվեն բոլոր ճանապարհները, որպեսզի սահմանափկվի նրա տեղաշարժը, մինչդեռ դա անելուց առաջ նա պետք է հարցաքննվեր և որոշակի միջոցներ պետք է ձեռնարկվեին նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դեմ»,- նշեց նա: