Ավետիսյանների ընտանքի մահը միայն Հայաստանի ողբերգությունը չէ, սա նաև Ռուսատանի ցավն է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը: «Մենք Հայաստանում ենք' ՌԴ պետդումայի ցավակցությունը հայտնելու Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և Հայաստանին: Սա միայն Հայաստանի ցավը չէ, սա նաև ողջ ռուս ժողովրդի և այդ զինվորի ընտանիքի ցավն է:
Գիտեմ, ոչ մի բառ չի կարող սփոփել վիշտը, կամ կյանքի կոչել զոհվածներին, բայց իմ և իմ գործընկերների անունից կրկին իմ ցավակցությունը փոխանցելով' կոչ եմ անում հայ ժողովրդին այս ոճրագործության պատճառով չմոռանալ մեր դարավոր բարեկամական պատմությունը, թող այս սարսափելի դեպքը երկու բարեկամ ազգերի բախման պատճառ չդառնա»,- նշեց Օլեգ Լեբեդևը:
Անդրադառնալով Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու գյումրեցիների պահանջին՝ պատգամավորը նշեց, որ այս պահին նախաքննական ընթացքը չպետք է խախտվի ոչ մեկի կողմից, այդ թվում նաև' Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային ժողովների, բայց, միևնույն ժամանակ, պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ողջ ընթացքը լինի բաց:
«Պետք է արվի ամեն ինչ, որ ողջ գործընթացը բաց լինի բոլորի համար: Հայաստանում են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր հայ գործընկերների հետ համատեղ աշխատում են, ստեղծված է նաև համատեղ շտաբ, որի կազմում ընդգրված են երկու կողմերի արհեստավարժ մասնագետները: Մենք երեկ մեր հայ գործընկերների հետ հանդիպեցինք և որոշեցինք, որ կտեղծենք նաև պատգամավորական համատեղ խումբ, որը ևս կհետևի քննչական գործընթացին:
Մենք ևս բաց կգործենք: Նախաքննությունն այս պահին ՀՀ-ում է իրականացվում, դատը ևս կանցկացվի Հայաստանի տարածքում: Իմ կարծիքով' մեղավորը պետք է ստանա ամենախիստ պատիժը, վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Կրկնում եմ Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում հանձնել Պերմյակովին հայկական կողմին, բայց այս պահին նախաքննություն է կատարվում և պետք չէ միջամտել, միայն այդ գործընթացից հետո է կարելի որոշում կայացնել, կարծում եմ՝ դա կլինի խելամիտ որոշում»,- ավելացրեց Օլեգ Լեբեդևը:
Պատգամավորը, պատասխանելով լրագրողների՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի վիճակի մասին հարցին, նշեց, որ վերադառնալով Դումա, իրենք կներկայացնեն 102-րդ ռազմաբազա միայն պայմանագրային ծառայողներ ուղարկելու առաջարկը: «102-րդ ռազմաբազայի տարածքում միայն պայմանագրային զինծառայողներ ծառայելու առաջարկով կդիմենք և՛ ՌԴ Դումային և՛ երկրի ղեկավարներին: Ի դեպ, նրանք բոլորը պետք է այլ երկրներում ծառայության անցնելու հատուկ պատրաստվածություն ունենան նաև»,-նշեց ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Արմենուհի Մխոյան