Հայաստանը կարող է օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից՝ երկրի տնտեսությունը զարգացնելու և այնուհետև եվրոպական շուկա դուրս գալու համար: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ես կարծում եմ, որ այս ամենի հնարավորությունները կան: Այստեղ շատ բան կախված է մեր իշխանություններից, թե ինչ քայլեր կձ եռնարկվեն Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: Իսկ ցանկացած միության անդամակցությունն իրենից ենթադրում է ահռելի աշխատանք, հստակ քայլեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

 

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի շուկան ավելի շատ նման է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներին, և այս միությունում Հայաստանը լուրջ հնարավորություններ ունի տնտեսության զարգացումը խթանելու համար: «Իսկ թե ինչպես մենք կկարողանանք օգտագործել այդ հնարավորությունները, կախված է մեր իշխանությունների հետագա քայլերից և գործողություններից»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

 

Նա անընդունելի համարեց խոսակցությունները, թե վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը, ինչպես նաև Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը կապված են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ:

 

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծիք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությունը շատ բան չի կարող տալ Հայաստանին՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը չէր կարող մեկուսացված մնալ: Նա նշեց, որ Հայաստանը պետք է փնտրտուքների մեջ ընկնի և գտնի այն հնարավորությունները, որոնք կարող են ծառայել երկրի տնտեսության զարգացմանը: