ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 26-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարար Արմեն Երիցյանն անդրադարձել է Տավուշի մարզ կատարած իր այցին, ներկայացրել է սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը, բնակիչների և համայնքապետերի հետ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրները:

 

Արմեն Երիցյանը ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայություններին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սահմանամերձ համայնքներում' առաջին հերթին բնակչության պաշտպանության, քաղպաշտպանության, հեռավոր գյուղերում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման և այլ ուղղություններով։ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ կակտիվացվեն միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները' ապահովելով դրանց կապը մարզերի և համայնքների հետ։

 

Նախարար Երիցյանը, առանձնացնելով մարզերի հետ կապված երեք հիմնական ուղղություննները, այն է' մարզերի համաչափ զարգացում, համայնքների խոշորացում և ապակենտրոնացում, նախարարության բոլոր ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է պարբերաբար այցելել մարզեր' տեղում համայնքների խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։

 

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է մարզային փրկարարական վարչությունների կողմից 2014թ. կատարած աշխատանքների ամփոփման ընթացքի մասին:

 

Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին: