Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին մեկ տարում շեշտակի աճ է գրանցել: Ընդարձակվել է հրադադարի խախտման աշխարհագրությունը, իսկ լարվածությունն այնքան է մեծացել, որ այն արդեն գնահատում են զոհերի քանակով: Նման կարծիք հայտնեցին փորձագետները հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին նվիրված քննարկման ժամանակ:

 

 

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

 

 

Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը' ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Ըստ նույն աղբյուրի՝ կանխարգելիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է Արդրբեջանի մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

 

 

Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիևի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավելևս' շփման գծում «ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը»:

 

 

Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսանկյունից մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ուղղակի լարվածությունն է շեշտակի աճել, և վերջինիս աշխարհագրությունն է ավելի ընդգրկուն դարձել:

 

 

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ կարևոր միտում է նկատվում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունն այնքան է մեծացել, որ զոհերի քանակով է որոշվում», - հայտարարեց Կիրակոսյանը:

 

 

Նրա կարծիքով՝ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, որը տեղի ունեցավ այս տարվա հունվարի 2-ից՝ ներկայացվելով որպես անվտանգության նկատառումներով արված քայլ, ոչ թե ավելացրեց, այլ պակասեցրեց երկրի անվտանգությունը: «ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պակաս ապահով է անվտանգության տեսանկյունից, քան նախկինում»,- կարծում է վերլուծաբանը:

 

 

«Մեդիա կենտրոնի» և Հայաստանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գրասենյակի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի ունեցավ քննարկում «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ ադրբեջանից փորձագետ, լրագրող Շահին Ռզաևը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

 

 

Շահին Ռզաևի կարծիքով՝ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը զոհերի քանակի աճին բավական ադեկվատ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: «Զոհերի քանակն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել և զինվորներ են մահանում կռվում», - նշեց Ռզաևը՝ հայտարարելով, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ թողել է որոշակի ազդեցություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:

 

Դրանով է նա բացատրում Մոսկվայի «ոչ համարժեք արձագանքը» որոշ իրադարձություններին հակամարտության գոտում: Մասնավորաբար, նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանումից հետո Կրեմլի «զուսպ արձագանքը»:

 

 

Ադրբեջանում, ըստ բանախոսի, ելնելով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի անարդյունավետությունից, ընդհանրապես կարծում են, որ հայերի հետ քննարկելու բան չկա: Նրա դիտարկմամբ՝ ապագայում լարվածությունը հակամարտող կողմերի միջև դժվար թե պակասի, քանի որ Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

 

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, ինչի մասին խոսում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին: Հայաստանի հասարակությունը և ռազմաքաղաքական էլիտան, ըստ պատգամավորի, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ պատերազմն ավարտված չէ, հնարավոր են զոհեր, և պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման տարբեր սցենարների:

 

 

Պողոսյանի համոզմամբ՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցով: «Արդբեջանն օգնում է իր մեծ եղբորը (խմբ. - Թուրքիա): Բացի այդ՝ նավթի միջազգային գներն անկում են ապրում, ինչը չի կարող չանհանգստացնել նավթարդյունահանող Ադրբեջանի ղեկավարությանը, և խնդիր կա շեղելու հասարակության ուշադրությունը: Բաքուն կորցնում է իր հմայքը Եվրոպայի համար», - նշեց պատգամավորը:

 

 

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ լարվածության նախաձեռնողը սահմանին Ադրբեջանն է: «Այն, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, նախաձեռնությունը միշտ գալիս է Արդեբեջանի կողմից: Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, սառեցված չէ», - նշեց քաղաքագետը: Նա հավելեց, որ լարվածություն հրահրելով՝ Բաքուն միևնույն ժամանակ պետք է հասկանա, որ նման կերպ ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն:

 

 

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նկատեցին, որ տարեց տարի լարվածությունը բարձրանում է հակամարտող կողմերի միջև, ինչը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հեռու է իր հանգրվանից: Փորձագետները կարծում են, որ քաղաքացիական հասարակության մակարդակում հանդիպումները դրական մթնոլորտ կարող է ձևավորել կողմերի հարաբերություններում, սակայն հակամարտության լուծման տեսանկյունից կարևոր են երկրների քաղաքական ղեկավարությունների կամքը և որոշումները: