Մոսկվայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նպատակն է վերականգնել Սիրիայի խաղաղությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ հանդիպման մասնակցիները հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

 

Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Լավրովը, հնարավոր է, հունվարի 28-ին մասնակցի Մոսկվայում միջսիրիական բանակցություններին: Նրա խոսքով, եթե բոլորը հավաքվեն և կառուցողական խոսակցություն լինի երկու կողմերի հետ, հնարավոր է, հետագայում կայանա հանդիպում Լավրովի հետ:

 

Բոգդանովը նաև նշել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայում մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: Մոսկվայում են նաև սիրիական ընդդիմության մոտ 30 անդամներ:

 

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն հիմք կարող է հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, որն ընդհատվել էր մեկ տարի առաջ:

 

Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը, որը շարունակվում է 4 տարի: Ստամբուլում ձևավորված' Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամներ, այդ թվում' նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին: