ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, սակայն չի խնդրել նրան միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան արտաքին քաղաքական խորհրդական Բեն Ռոդսը, ով ուղեկցում է ԱՄՆ Նախագահին Նյու Դելի այցի ժամանակ:

 

«Նրանք անդրադարձել են Ուկրաինայի խնդրին»,- նշել է նա երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ: Ռոդսի խոսքով' Օբաման կարևորել է միջազգային հարաբերություններում հիմնարար սկզբունքների' այլ պետությունների ինքնավարության և տարածքային ամբողջականության պահպանումը: Նա ընդգծել է նաև, որ Հնդկաստանի կառավարությունը նախընտրում է չմիանալ այլ պետությունների նկատմամբ կիրառվող զանազան պատժամիջոցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Այնուամենայնիվ, պատժամիջոցները օգտակար էին Իրանի պարագայում»,- շեշտել է Ռոդսը' նկատի ունենալով լայնամասշտաբ միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ' իր ատոմային ծրագրի պատճառով:

 

Խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին' նա նկատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ ուշադրություն են դարձնում այդ ճակատում եվրոպական դաշնակիցների հետ իրենց աշխատանքին: