Թեհրանը եւ Անկարան համաձայնագիր են պատրաստում փոխադարձ արտաքին տնտեսական հաշվարկներում ազգային արժույթներն օգտագործելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է իրանական «Ֆարս» գործակալությունը:

 

 

Ըստ նրա տվյալների՝ նման փաստաթուղթն զգալիորեն կդյուրացնի Իրանի եւ Թուրքիայի միջեւ 2014 թվականին ստորագրված Առեւտրական արտոնությունների վերաբերյալ համաձայնագրի իրագործումը: Փաստաթղթին համապատասխան, 125 անուն իրանական եւ 140 անուն թուրքական ապրանքներ միմյանց կմատակարարվեն արտոնյալ սակագների հիման վրա:

 

 

Երկու երկրները խոշորագույն առեւտրական գործընկերներ են: Երկկողմ առեւտրի ծավալը 2012 թվականին կազմել Է 21,8 մլրդ դոլար, 2013-ին՝ 13,5 մլրդ դոլար: Իրանը Թուրքիա Էներգակիրների հիմնական մատակարարն Է: Իր հերթին Անկարան խոշորագույն ներդրողներից մեկն Է դարձել իրանական տնտեսության մեջ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իսլամական Հանրապետությունը եւ Թուրքիան իրենց առջեւ խնդիր են դրել մոտ ժամանակներս երկկողմ արտաքին առեւտրական շրջանառությունը հասցնել տարեկան 30 մլրդ դոլարի: Ազգային արժույթների օգտագործման վերաբերյալ համաձայնագիրն զգալիորեն կդյուրացնի այդ նպատակին հասնելը:

 

Հունվարի 24-ին Իրանի կենտրոնական բանկը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել իր արտաքին տնտեսական գործընկերների հետ հաշվարկներում հրաժարվել դոլարի օգտագործումից: Իսլամական Հանրապետությունը պլանավորում Է դրա համար օգտագործել այլ արժույթներ, այդ թվում՝ ռուսական ռուբլին, յուանը, եվրոն, թուրքական լիրան ու հարավկորեական վոնը, եւ ձեռնամուխ Է լինում գործընկերների հետ համապատասխան արժութային համաձայնագրերի մշակմանը: