ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում կհիմնվեն բանտային բժշկության գծով կլինիկական բազաներ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին դրույթը նշվում է հունվարի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրում:

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով' քրեակատարողական համակարգում աշխատող բուժանձնակազմում կադրերի պակաս կա, և բժշկական օգնությունը չի գտնվում մասնագիտական բավարար մակարդակի վրա' հավելելով, որ մտահոգիչ էին նաև հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները, ուր նույնպես անդրադարձ էր կատարվում ՔԿՀ-ներում առողջապահական և բուժական խնդիրներին:

 

Հուշագրով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության կազմակերպության և բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ ու չափանիշներ մշակել, աշխատանքներ տանել դրանց շարունակական կատարելագործման և իրականացման դիտարկման ուղղությամբ: ՔԿՀ-ներում ապահովել սանիտարահամաճարակային անվտանգությունը, անցկացնել համաճարակաբանական հսկողության, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և ուսուցում:

 

«Առողջապահության նախարարությունը անմասն չի մնալու այն գործընթացներին, որ տեղի են ունենում կալանավայրերում, և մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակից լինել այդ գործընթացներին ինչպես խորհրդատվական, այնպես էլ բժշկական օգնությունը տեղում իրականացնելու, համապատասխան կադրերին վերապատրաստելու միջոցով: Համոզված եմ, նման հուշագիրը հնարավոր է կյանքի կոչել միայն համատեղ ուժեր ներդնելով»,- նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Այդ նպատակով Երևանի պետական բժշկական համալսարանում կստեղծվի բանտային բժշկության գծով դասընթաց և կմշակվեն համապատասխան կրթական ծրագրեր:

 

Բժշկական կադրերի պատրաստման, շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի միջոցով կապահովվի բանտային բժշկության և հարակից մասնագիտությունների գծով կադրերի պատրաստումը: Կվերապատրաստվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բուժական անձնակազմը:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը և համալսարանական կլինիկաները խորհրդատվական և գործնական աջակցություն կցուցաբերեն քրեակատարողական ծառայությանը' ՔԿՀ-ներում բարդ ընթացքով հիվանդների բուժման ժամանակ: