Միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Ես առայժմ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց մեզ ոչինչ չպետք է զարմացնի, եթե գործընթացներն այնպես զարգանան, որ նման անհրաժեշտություն ստեղծվի, դրանում ոչ մի աղետալի բան չկա»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում է պահանջում արտախորհրդարանական ընդդիմությունը, նման հնարավորությունը չեն բացառում նաեւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2016 թվականի աշնանը: 2012 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի օրենսդիր մարմնում ներկայացված են միայն երեք քաղաքական ուժեր՝ «Վրացական երազանքը», «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը- ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: