Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատկերող լուսանկարը հայտնվել Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական CNN Turk լրատվականին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցներից մեկը:

 

Թուրքական լրատվամիջոցին չբացահայտված աղբյուրը հայտնել է, որ կատարվածի պատասխանատուի նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն: Դեպքի բացահայտումից հետո թուրքական լրատվամիջոցները դադարել են տարածել տեղեկատվությունն այդ մասին:

 

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել և սկսել էին տարածել Չանաքքալեի ճակա տամարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական օրացույցի մի ուշագրավ լուսանկար: Ապրիլ ամսվա էջում այլ լուսանկարների կողքին տեղադրված էր նաև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: