Բոստոնի իշխանությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին 50 դոլար տուգանել են իր տան առջեւի ձյունը չմաքրելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Օրերս ԱՄՆ-ի արեւելյան ափին մոլեգնել է այս տարի առաջին փոթորիկը, ուժգին քամին ուղեկցվել է ձյան առատ տեղումներով: Բոստոնում ավելի քան կես մետր տեղումներ են գրանցվել: Զգուշանալով, որ քաղաքային ծառայությունները չեն կարողանա գլուխ հանել ստեղծված իրադրությունից, քաղաքագլուխ Մարտին Ուոլշը կարգադրել է՝ պարտավորեցնել բնակիչներին բահերով մաքրել ձյունը: Բոլոր նրանց, ովքեր իրենց տների առջեւ չեն մաքրել մայթը, նա սպառնացել է տուգանքով: Չմաքրված ձյան համար պատժվածների ցուցակում հայտնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Այդ օրերին Քերին գտնվում էր Սաուդյան Արաբիայում, նա ԱՄՆ է վերադարձել հունվարի 28-ին, բայց Բոստոն, իր գրաֆիկի համաձայն, կկարողանա հասնել միայն հունվարի 30-ին:
Քերիի մամուլի քարտուղար Գլեն Ջոնսոնը հավաստիացրել է լրագրողներին, որ իր շեֆն անպայման կվճարի տուգանքը եւ հայտնել է, որ պատժի մասին ծանուցումն ստանալուց շատ չանցած պետքարտուղարի հինգհարկանի առանձնատան առջեւից ձյունը մաքրվել է:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ 1899 թվականին կառուցված մոտավորապես 770 քառակուսի մետր մակերեսով տունը, որը գտնվում է Բոստոնի ամենահեղինակավոր շրջանում, Ջոն Քերին եւ նրա կինը ձեռք են բերել 1995 թվականին 1,7 մլն դոլարով: Այսօր առանձնատան արժեքը գերազանցում է 15 մլն դոլարը: