Իսրայելական լրատվամիջոցները չեն բացառում, որ նոր պատերազմ սկսվի Իսրայելի հյուսիսային սահմաններին՝ Լիբանանի և Սիրիայի հետ: Պատճառը նախօրեին իսրայելա-լիբանանյան սահմանին տեղի ունեցած զինված հակամարտությունն էր, որի հետևանքով իսրայելական 2 զինվոր էին զոհվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, իրավիճակը, սակայն, այնպիսին չէ, որ պատերազմն անխուսափելի է:

 

The Jerusalem Post-ը գրում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր սահմանային հակամարտության չի սկսվի:

 

«Հըզբոլլահ»-ը հունվարի 28-ին կրակ էր բացել իսրայելական ավտոշարասյան ուղղությամբ: Կազմակերպությունն իր վրա էր վերցրել հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ դա իր պատասխանն էր օրեր առաջ Իսրայելի կողմից սիրիական Կունեյտրա մարզի վրա հարձակման, որի հետևանքով «Հըզբոլլահ»-ի անդամներ էին զոհվել:

 

Իսրայելն իր հերթին պատասխան կրակ է բացել Լիբանանի տարածքների ուղղությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսրայելը փակել է Հայֆայի և Ռոշ Բինայի օդանավակայանները:

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարել էր. «Առաջարկում եմ մեզ չփորձել, հակառակ դեպքում իսրայելական բանակը պատրաստ է ուժեղ կերպով գործելու»: