ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սադրանք է համարել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանախագահը գրառում է արել Twitt er-ի իր միկրոբլոգում: «Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը շփման գծում»,-գրել է նա:

 

Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն էր տարածել, իբր, հայկական անօդաչու սարք են ոչնչացրել, սակայն, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ անօդաչու սարքը պատկանել է հենց ադրբեջանցիներին:

 

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում այդ առնչությամբ գրել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ' հորինված եւ մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով' ադրբեջանակն կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, եւ շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:

 

Ադրբեջանի ՊՆ-ն այդ մասին իր պաշտոնական հաղորդագրությունը «հավաստի» դարձնելու համար հայկական անօդաչու սարքը «ոչնչացնելու» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներով մի կեղծ տեսանյութ էր տարածել, որում օդում ամպերի մեջ ինչ-որ կետի վրա կրակող սարքը տեղադրված է, այն էլ հունվարի 29-ին, կանաչ անտառով եւ թփերով շրջապատված հացահատիկի դաշտի եզրին: