ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը:
Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:
Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Սակայն, նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է:
«Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված ու ընդունված բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց ԱԳ նախարարը: