Քաղաքագետ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, տարին աչքի կընկնի ինտեգրացիոն գործընթացներով: ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կիրառական փուլերի եւ նոր քայլերի մշակման կբերի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ քաղաքագետի, պետությունն առաջին հերթին պետք է ստանձնի գործառույթ' հանրությանը եւ հատկապես բիզնես ոլորտի կառույցներին ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները մանրամասն ներկայացնելու համար: «Բոլոր հարթություններում պրոցեսի պոտենցիալ մասնակիցները իրենց հնարավորությունների շրջանակը պետք է պատկերացնեն' հատկապես տնտեսական ինտեգրացման օղակների մասին: Մինչդեռ, լայն շրջանակներին այն հասու չէ: Համոզմունքս կայանում է նրանում, որ եթե նորմալ, ընկալելի մատուցենք, այդ գործընթացից շահեկան վիճակ կունենանք: Եթե անորոշությունը մնաց, մեր հնարավոր ձեռքբերումների նշաձողը կիջնի»,- ասաց Բեքարյանը' հավելելով, որ ԵՏՄ-ի առնչությամբ պետք է հստակեցվեն քայլերն ու գործողություները, որոնք օբյեկտիվորեն ցույց կտան Եվրասիական միության մյուս անդամներին Հայաստանի դերն ու նշանակությունը այդ միությունում եւ գործընթացում:

 

«Դա իր հերթին հանրության, պետության իմիջ է պարունակում: Ինտենսիվ աշխատանքը պետք է հասցնել տրամաբանական հանգրվանի»,- ասում է Բեքարյանը' հավելելով, որ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան հարաբերություններն էլ նոր զարկի եւ նոր ձեւաչափի կարիք են զգում:

 

«Հայաստանը որպես ԵՏՄ անդամ, Վրաստանն էլ ԵՄ-ի հետ ասոցացված պետություն միմյանց ընձեռում են լավագույն հնարավորությունները եւ այդ կամրջի վրա կունենանք շատ լավ հարաբերություններ: Նույնը բանաձեւային իմաստով կարելի է կիրառել նաեւ Իրանի հետ»,- ասաց քաղաքագետը:

 

2015թ. հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ է: Միության կազմում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսն ու Ղազախստանը: