Կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը:
Հիշյալ որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.610.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
2015-2019 թվականների կարիքների համար Առողջապահության նախարարության կողմից Դիաբետոն 60մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից' 1 հաբը 0,06 եվրո գնով' առանց ավելացված արժեքի հարկի:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (Դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.500.000 դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12.000.000 դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոս' կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: 2019թ. անհրաժեշտ կլինի 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: ՀՀ առողջապահո ւթյան նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը' միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ: