Քրդական ինքնապաշտպանական ուժերը հունվարի 30-ին վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի Ջակուր, Ջուլ Բաք և Զուրաֆա գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան Ալ Մայաքին գործակալությունը, բախո ւմների ընթացքում «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:
Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, քրդական ուժերը վերականգնել էին հսկողությունը Քոբանի քաղաքի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քուրբինար գյուղի վրա:
Մյուս կողմից' «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը Հալեպ քաղաքի մերձակայքում հարձակվել է «Հազմ» ընդդիմադիր շարժման վրա, առգրավել զենքերն ու գրասենյակները: Շարժման պատասխանատուն նշել է, որ սա նրանց ամենամեծ հարձակումն էր:
Քոբանիի մոտ 200 հազար բնակիչներ ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: