Քրդական Փեշմերգա ուժերը մարտի 13-ին իրենց ձեռքն են վերցրել Քիրքուքի հարավ-արևմուտքում գտնվող Յարմուք համալիրը, ինչպես նաև Դահամ և Սուր գյուղերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների ժամանակ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:

 

Իրաքի հյուսիսում քրիստոնյա զինյալների խումբը միացել է ԻՊ-ի դեմ պայքարին: Նրանք պատրաստ են պաշտպանել իրենց շրջանները և ազատագրել դրանք ահաբեկիչներից: Ռազմական գործողություններին կմասնակցեն 600 զինյալ:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունը մարտի 13-ին տեսանյութ է հրապարեկել, որտեղ ցուցադրվում են Սալահ ադ Դին մարզում իրաքյան օդային ուժերի հարվածները ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Հարված է հասցվել նաև Թիքրիթում ԻՊ-ի գլխավոր նստավայրի ուղղությամբ, որի հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Իրաքյան ուժերը փակել են ահաբեկիչների' հավելյալ ուժերով համալրվելու բոլոր ուղիները՝ նրանց ստիպելով նահանջել և հանձնվել:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: