Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում թուրքական լրատվականները որակել են որպես Էրդողանի' Չանաքքալե գալու հրավերի երկրորդ բացասական պատասխան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը այս մասին իր հոդվածը հրապարակել է «Սարգսյանի երկրորդ պատասխանը Էրդողանին» խորագրով:

 

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Չանաքքալեի հարյուրամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ուղարկած հրավերին երկրորդ անգամ «ոչ» ասաց: «Հուրիեթ»-ը հիշատակում է ՀՀ Նախագահի խոսքն այն մասին, որ Թուրքիան այդ հրավերով կատարել է «անհեռատես և ցինիկ» որոշում: «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջ ազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,- Սարգսյանի խոսքերն է մեջբերել թուրքական պարբերականը:

 

Այստեղ տեղ է գտել նաև Փերինչեքի դատավարության վերաբերյալ ՀՀ Նախագահի ձևակերպումները: «Հուրիեթ»-ը մասնավորապես ընդգծել է Սարգսյանի այն ձևակերպումը, որտեղ վերջինս փաստել էր, որ «Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց»: «Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ: Մենք ուշադիր հետևում ենք դատարանի կայացնելիք որոշմանը»,- ՀՀ Նախագահի խոսքը այսպես է մեջբերել «Հուրիեթ»-ը: