Ստամբուլի Շիշլի թաղամասում 700 մլն թուրքական լիրա (շուրջ 286 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան տարածքի սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

 

Հայկական պատմական գերեզմանատունը զբաղեցնում է 41 հազար 950 քառակուսի մետր տարածք: Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը Շիշլիի հայկական Գրեգորյան գերեզմանատան տարածքի վերադարձի համար Հիմնադրամների գլխավոր վարչությանը դիմել էր դեռևս 2011 թվականին: Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիմոն Չեքեմը նշել է, որ կայացված որոշումն իրենց շատ է ուրախացրել: Թեպետ նախկինում գերեզմանատան սեփականության փաստաթղթերը չեն եղել հայերի մոտ, սակայն մինչ օրս հենց այստեղ են թաղվել հայկական համայնքի ներկայացուցիչները:

 

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը 2012 թվականին Շիշլիի' 40 հազար 500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայ կաթոլիկների գերեզմանատունը վերադարձրել էր Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին, իսկ 42 հազար քառակուսի մետր զբաղեցնող մեկ այլ տարածք, որի մեջ է եղել նաև Զեյթինբուրնուի մարզադաշտը, վերադարձրել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին: