Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հայկական գերեզմանատան քարերը, որոնք մնացել էին նախկինում այստեղ գտնվող Սուրբ Հակոբ գերեզմանատնից, տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Հնագիտության թանգարանի կատարած ուսումնասիրություններից հետո շիրմաքարերը բերվել և դասավորվել են գերեզմանատան դատարկ հատվածներում:

 

Գեզիի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվեցին հայկական գերեզմանատան 16 շիրմաքար: Դրանք տարվել էին հնագիտության թանգարան, որտեղ պարզվել էր, որ գերեզմանաքարերը թվագրվում են 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածով: Գերեզմանաքարերից մեկի գրությունը ջնջված էր և անընթեռնելի, երկուսը' առանց գրության էին: Հինգի վրայից հնարավոր էր ընթերցել միայն տարեթիվը: Մնացած քարերի ընթեռնելի գրություններից հայտնի էր դառնում դրանց տակ թաղված մարդկանց սեռը, մասնագիտությունն ու անգամ ծնննդյան վայրը:

 

Ստամբուլի Բանգալթը թաղամասի Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը գործել է 1551-1939 թվականների ընթացքում: 1930-ականների վերջին թուրքական իշխանությունները հայկական գերեզմանոցի տեղում կառուցել են Գեզի զբոսայգին, ինչպես նաև «Դիվան», «Հիլթոն» և «Հայաթ» հյուրանոցները, TRT ռադիոընկերության շենքը: