Ստամբուլի Թաքսիմ հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ կրկին գետնի տակից մարդկային ոսկորներ և գանգ է հայտնաբերվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը՝ հիշեցնելով, որ նախորդ տարիներին հրապարակում իրականացված աշխատանքների ժամանակ ևս նման դեպքեր էին պատահել: Իրավասու մարմինները հայտնել են, որ կզբաղվեն նոր հայտնաբերված ոսկորների ուսումնասիրությամբ:
2013 թվականին Թաքսիմում իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էին հայկական գերեզմաններ: Մասնավորապես, կոյուղագծերի տեղահանման ժամանակ դուրս էին բերվել հայկական գերեզմանների 16 տապանաքարեր, որոնք տեղափոխվել էին հնագիտության թանգարան: Միայն ավելի ուշ այդ տապանաքարերը տեղափոխվել էին Շիշլիի հայկական գերեզմանատուն: Դրանց մի մասի գրություններն անընթեռնելի էին, իսկ մյուսների վրա հնարավոր է եղել կարդալ հետևյալը. «Մարտիրոսի որդի Նիկողոս», «Եղիազարի որդի Գրիգոր», «Կարապետի որդի Դիքեշ Հարություն», «Ասլանի որդի վարսավիր Խաչատուր», «Անտիրեսի տղա Միքայելի որդի Հովհաննես»:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ «Դիվան» հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որի տապանաքարերն էլ, ենթադրաբար, եղել են այդ գտածոները: Գերեզմանատունը հիմնվել էր 16-րդ դարում օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ բռնագրավվել էր: