«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջրամատակարարման խողովակաշարի շինարարական-մոնտաժային աշխատանքների տեղամասերից մեկում 2013 թ. հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում կատարված հողային աշխատանքների ընթացքում՝ աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից դիտվել են մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ տեղամասում հողային աշխատանքները չեն շարունակվել, և երևույթին մասնագիտական գնահատական տալու նպատակով տարածք է հրավիրվել ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչը: Ընկերության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ու անվթարայնության ապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտը Ընկերության հետ կնքված պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հնագիտական պեղումներ և այլ ուսումնասիրություններ է իրականացնում Ընկերության տարածքում, ինչպես նաև՝ մասնագիտական մշտական վերահսկողություն է ապահովում հողային աշխատանքների ընթացքում հնարավոր հայտնաբերվող հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների գնահատման և պահպանության միջոցառումների նկատմամբ:
Մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը փաստել է, որ մինչ տվյալ տարածքում որևէ հողային աշխատանք սկսելը ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի արշավախումբը հնագիտական դիտարկումներ ու մակերևույթի այլ ուսումնասիրություններ է իրականացրել այդ վայրերում և որևէ հուշարձանի արտաքին նշաններ չի հայտնաբերել: Հողային աշխատանքներ տվյալ տարածքում իրականացվել են միայն դրանից հետո:
Ընկերության ներքին իրավական ակտերով՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կարգավորված են նաև այն դեպքերը, երբ հնագիտական դիտարկումները և մակերևույթի ուսումնասիրությունները մշակութային ժառանգության արտաքին նշաններ չեն հայտնաբերում, սակայն բուն հողային աշխատանքների ժամանակ դիտվում են մշակութային շերտի հետքեր, տվյալ դեպքում՝ մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: Այդպիսի դեպքերում հողային աշխատանքները դադարեցվում են, և հրավիրվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը, ինչն էլ տվյալ դեպքում կատարվել է:
Ըստ մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչի նախնական գնահատականի՝ տվյալ տեղամասում դիտված ոսկրային մնացորդները կարող են ունենալ 300-ից 500 տարվա վաղեմություն և հնագիտական կամ պատմամշակութային արժեք չեն ներկայացնում:
Հայտնում ենք նաև, որ 2013 թ. հուլիսի 5-ի կեսօրին մոտ, բնապահպան ակտիվիստ ներկայացող անձանց մի խումբ ապօրինի կերպով մուտք է գործել Ընկերության տարածք, կատարել տեսագրություններ ու լուսանկարահանումներ և շահագրգիռ հանրության շրջանում տարաբնույթ թյուրիմացություններ առաջացնող մեկնաբանություններով դրանք տարածել սոցիալական ցանցերով, որտեղից էլ թյուրիմացությունները թափանցել են համացանցային լրատվամիջոցներ: Ընկերությունը ներկայում քննարկում է իր հնարավոր գործողությունները՝ տեղի ունեցածի համարժեք իրավական գնահատականի ապահովման ուղղությամբ:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն