Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ եւ հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Այս մասին հաղորդում են Ոստիկանությունից:
Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում հայտնաբերվել է երեք պարկ, որոնց մեջ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ եւ նռնականետի արկեր կային: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում Նորամարգ գյուղի գերեզմանատան զննությամբ հայտնաբերվել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, «Ֆ-1», «ՌԳԴ», «ՌԳԴՄ» տիպի 4 նռնակ, նռնակի 34 պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 3 օպտիկական սարք, նռնականետի 2 արկ, ՌԿԳ-3 ԵՄ հակատանկային ական, տարբեր տրամաչափի եւ տեսակի 570 փամփուշտ, նռնակի պայթուցիչի 60 բռնակ եւ ՌՊԿ գրառմամբ 1 ական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: