Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի հարևանությամբ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կանխել են կրակի տարածումը, սակայն այն ամբողջովին վերածվել է փայտե մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ արդեն հայտարարում է, թե իբրև վագոն-տնակն այրել են։
Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ, սակայն չի բացառվում, որ փորձաքրեագետների աշխատանքից հետո տեղում նույնպես հայտնաբերվի այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հետաքննություն է սկսվել։