Ստամբուլ քաղաքի Ղեզի զբոսայգում առևտրի կենտրոն չի կառուցվելու։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը՝ շաբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ գրում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ «Թաքսիմ» հրապարակին կից զբոսայգում ծառահատումները և ծրագրված շինարարությունը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել, որոնք մեկ շաբաթ է՝ շարունակվում են Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Քաղաքապետը միաժամանակ ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել զբոսայգում շինարարական աշխատանքներից, ինչպես պահանջում են ցուցարարները: «Մենք հաստատ չենք պատրաստվում այնտեղ առևտրի կենտրոն, հյուրանոց կամ բնակելի շենք կառուցել, սակայն, հնարավոր է, որ այգում կառուցվի թանգարան կամ ցուցահանդեսի կենտրոն»,– ասել է Թոփբաշը:
Նրա խոսքերով՝ այգու վերակառուցման վերջնական նախագիծը կհամաձայնեցվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ ընթացող բանակցությունների ժամանակ: Թոփբաշը նաև չի բացառել, որ ծառահատման ենթակա 600 ծառերի քանակը կարող է կրճատվել: Միաժամանակ քաղաքապետը նշել է, որ բոլոր դեպքերում, ինչ էլ որ կառուցվի զբոսայգում, այդտեղ վերականգնվելու են 1940-ական թթ. Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ապամոնտաժված զորանոցները: