Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան լրագրողներին հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մայիսմեկյան շքերթ տեղի չի ունենալու: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

 

«Թաքսիմ հրապարակը հարմար չէ որեւէ շքերթ անցկացնելու համար, այդ պատճառով մայիսմեկյան շքերթը ոչ թե այդտեղ, այլ ուրիշ վայրում պետք է անցկացվի», -ասել է Թուրքիայի ուժային կառույցի ղեկավարը:

 

Թուրք նախարարի խոսքով, զանգվածային միջոցառումներ անցկացնելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել շատ պահեր, այդ թվում' բնակչության անվտանգությունը:

 

Միաժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կոսւակցությունն այսօր հայտարարել է այն մասին, որ, չնայած արգելքին, մայիսի 1-ին իր համակիրները հավաքվելու են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո կուսակցության առաջնորդ եւ երկրի վարչապետ Էրդողանը մշտապես փորձել է արգելել Թաքսիմում մայիսմեկյան շքերթի անցկացումը, ինչը նրան դեռեւս չի հաջողվել: Թուրք աշխատավորները մայիսի 1-ի աշխատավորի օրն ավանդաբար նշում են հենց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: