Երեւանի քաղաքապետարանը կրկնապատկել է հաշմանդանություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը տրամադրվելիք գումարի չափը, և միայն նախորդ տարի մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1.000 թեքահարթակ, հարմարեցվել են այգիներն ու վերելակները:
«Քաղաքը հարմարեցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար, եւ հասարակական գիտակցությունը զարգանում է: Փետրվարից կգործեն ավտոբուսներ, որոնցում տեղադրվել են վերելակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 3-ին կայացած ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը'հավելելով, որ այս տարի եւս տասը ավտոբուս կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:
«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանն էլ նշում է, որ եթե մայրաքաղաքում որեւէ տեղաշարժ կա այս առնչությամբ, ապա մարզերում վիճակն ավելի սարսափելի է: «Չկա հարմարավետություն, չկան թեքահարթակներ, եւ նաեւ առկա է անհանդուրժողականության խիստ մթնոլորտը»,- ասաց Մանուկյանը:
«Հայ մայրեր»-ը, որ զբաղվում է մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաների հիմնախնդիրներով, ներկա դրությամբ աջակցում է 150 երեխայի: Մանուկյանի խոսքով, պետությունը տրամադրում է գումար ընդամենը երկու ամսվա վերականգնողական բուժման համար, սակայն դա բավարար չէ:
«Որպեսզի փոքրիկի մոտ լուրջ փոփոխություններ նկատվեն, շատ կարեւոր է, որ եռաստիճան վերականգնողական թերապիաները լինեն շարունակական: Այս առումով շատ կարեւոր է ոչ միայն պետական հոգածությունը, այլեւ մասնավոր կազմակերպությունների հետ աշխատանքը»,- ասաց Մանուկյանը' հավելելով, որ այս տարի «Ինեկոբանկ» ընկերությունը կազմակերպության 150 երեխայի համար կկազմակերպի մեկանգամյա անվճար վերականգնողական թերապիա:
«Մանկական գլխուղեղային կաթվածով փոքրիկնեին աջակցության ձեռք է մեկնել նաեւ «Ջերմուկ»-ը, «Քեթրին» ընկերությունը: Սա, կարծում եմ, պետք է օրինակ ծառայի նաեւ այլ կազմակերպությունների, անհատների համար, որպեսզի գիտակցենք, որ հաշմանդամությունը ոչ թե մեկ ընտանիքի, այլ հասարակության խնդիրն է»,- ասաց Մանուկյանը' հավելելով, որ Հայաստանում դեռեւս չկան սոցիալական տվյալներ, թե մանկական գլխուղեղային կաթվածով քանի փոքրիկ կա: