«Ինտերֆաքսի»՝ իրադրությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավարությունը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ, կանցկացվի Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում՝ զինվորական դատարանում: 

 

«Կողմերը վերջնականապես պայմանավորվել են, որ այդ ռեզոնանսային գործով դատավարությունը տեղի կունենա Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի կայազորի զինվորական դատարանում»,- գործակալության զրուցակիցներից մեկի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

 

Նման որոշում է ընդունվել Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա:

 

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը համատեղ մեղադրական եզրակացությունը համաձայնեցնում են Ռուսաստանի օրենսդրության հիման վրա:

 

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և՛ ռուսական կողմը, և՛ հայկական կողմը, լուծվում է Ռուսաստանի քրեական օրենսդրության հիման վրա համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացություն ընդունելու հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ դատարանը միաժամանակ պետք է քննի նաև այն մեղադրանքները, որոնք ռուս զինվորական քննիչներն առաջադրել են զենքով դասալքություն կատարելու հետ կապված էպիզոդներով:

 

Ավելի վաղ 5-րդ կայազորային զինվորական դատարանը երկու ամսով ձերբակալվել է Վալերի Պերմյակովին՝ անցկացնելով արտագնա նիստը Գյումրիի ռուսական ռազմակայանում:

 

Ձերբակալությունից կարճ ժամանակ անց, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել սպանության և դեզերտիրության համար:

 

«Այն ամենը, ինչ պատրաստվել է հայ քննիչների կողմից, փոխանցվելու է ռուսական կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,- նշել է աղբյուրը: