Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով փետրվարի 3-ին հերթական անգամ պատասխանել է արտերկրի մեր հայրենակիցների հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
ՀՀ մի քաղաքացուհի հայտնել է, որ ամուսինն օտարերյա պետության քաղաքացի է, ինքը երեխայի հետ գտնվում է Հայաստանում և ցանկանում է երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Կնոջը տեղեկացվել է, որ երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը' օտարերկրյա, ապա երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանում:
Լիաբանանի Հանրապետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ծնվել է Սիրիայի Հանրապետությունում, ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն ծննդյան վկայականից բացի չունի անձը հավաստող և որևէ երկրի քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ: Նրան պարզաբանվել է, որ եթե նա չի համարվում որևէ երկրի քաղաքացի, ապա հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է ներկայացնել կամ Սիրիայի կամ Լիբանանի քաղաքացիությունը հավաստող անձնագիր կամ քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն փաստաթուղթ:
Օտարերկյա պետությունում բնակող մեր հայրենակիցը տեղեկացրել է, որ ինքը փաստաթղթերով նախկին ՀԽՍՀ քաղաքացի է, 1989 թվականից չի բնակվում Հայաստանում և ցանկանում է իմանալ՝ համարվո՞ւմ է, արդյոք, ՀՀ քաղաքացի: Նրան պարզաբանվել է, որ ըստ գործող կարգի, եթե մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, որը վավերացվել է 1995 թվականի նոյեմբերի 28-ին, ինքը ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա օրենքի ուժով համարվում է ՀՀ քաղաքացի:
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 10-ին: ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police: