Արտաշատի տարածաշրջանի զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվը 2015 թվականի հունվարի դրությամբ 1359 մարդ է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 630 մարդով:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, կենտրոնում աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմում է 1416: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 579 մարդով:
Մարզում գործազրկության մակարդակն աճել է 1,9 տոկոսով, ինչը Ավետիսյանի պարզաբանմամբ, պայմանավորված է ոչ միայն ներկա ժամանակահատվածում աշխատանքի տեղավորվելու հանգամանքով, այլ նաեւ նրանով, որ նախորդ եռամսյակում սեփականաշնորհված, վարձակալած հող կամ հաշմանդամություն ունեցող անձինք ստացել են գործազուրկի կարգավիճակ' պայմանավորված զբաղվածության օրենքում կատարված փոփոխություններով: «Մյուս հանգամանքը հաշվետու եռամսյակի ընթացքում բնական աղետի պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններ ունեցող հողօգտագործողների համար Կենտրոնի կողմից իրականացված ծրագրի արդյունքում հաշվառված անձանց ավելացումն է»,-ընդգծեց նա:
Գործազուրկները եւ աշխատանք փնտրողներն ավելի շատ ընդհանուր միջակարգ, միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողներն են: Նկատելի է, որ նախորդ տարի հունվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված 20-24 տարեկան անձանց թիվը 50 էր, այս տարի նույն ժամանակաշրջանում' 111, 25-29 տարեկան անձանց թիվը' 70 էր, այս տարի նույն ժամանակաշրջանում' 176: Կենտրոնում գրանցված 30-34 տարեկան քաղաքացիների թիվը նախորդ տարվա 57-ի փոխարեն այս տարի 201 է, 35-44 տարեկանների շրջանում' նախորդ տարվա 139-ի փոխարեն' 305 մարդ եւ այլն:
Կենտրոնի տնօրենի խոսքով, այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ հաշվառված քաղաքացիների թվի զգալի աճը գրանցվել է հիմնականում ցրտահարությունից տուժած հողատարածքներ ունեցող անձանց «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում կենտրոնում հաշվառելով: Այս քաղաքացիները ծրագրի շրջանակում օրավարձով աշխատել են' մշակելով իրենց սեփական հողատարածքը:
Արտաշատի տարածաշրջանի զբաղվածության կենտրոնից, հունվարի 1-ի դրությամբ, տարբեր պատճառներով հաշվառումից դուրս են եկել 98 մարդ: Ավետիսյանի խոսքով, նրանցից 64-ը հաշվառումից դուրս են եկել աշխատանքի տեղավորման, 13-ը' թոշակի անցնելու, մնացյալը' բնակավայրը փոխելու, վեց ամսվա ընթացքում կենտրոն չներկայանալու եւ այլ պատճառներով:
Լիլիթ Մաճկալյան