Արտաշատի տարածաշրջանի Զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 1477 մարդ է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 592 մարդով:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, կենտրոնում գրանցված աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմում է 1515: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 577 մարդով:
Մարզում գործազրկության մակարդակն աճել է 1,7 տոկոսով, ինչը Ավետիսյանի պարզաբանմամբ, պայմանավորված է ոչ միայն ներկա ժամանակահատվածում աշխատանքի տեղավորվելու հանգամանքով, այլ նաեւ նրանով, որ նախորդ տարի օրենքի փոփոխությունից հետո սեփականաշնորհված, վարձակալած հող ունեցող կամ հաշմանդամ անձանց հոսք է նկատվում զբաղվածության կենտրոնում հաշվառվելու եւ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար: «Բացի դրանից' ավելացել է նաեւ գյուղացիական տնտեսություններից մարդկանց հաշվառումը, ովքեր կարող են ընդգրկվել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրում»,-ասաց նա:
Գործազուրկները եւ աշխատանք փնտրողներն ավելի շատ ընդհանուր միջնակարգ, միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողներն են: Նկատելի է, որ նախորդ տարի ապրիլի մեկի դրությամբ, կենտրոնում գրանցված 20-24 տարեկան անձանց թիվը 72 էր, այս տարի նույն ժամանակաշրջանում' 116: Կենտրոնում գրանցված 30-34 տարեկան քաղաքացիների թիվը նախորդ տարվա 85-ի փոխարեն այս տարի 200 է, 35-44 տարեկանների շրջանում' նախորդ տարվա 228-ի փոխարեն' 305 մարդ եւ այլն:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ ըստ կրթության եւ տարիքի համեմատական բոլոր սանդղակներում, ներկա ժամանակաշրջանում նկատելի է զգալի աճ, որը կրկին պայմանավորված է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի մեջ ընդգրկվելու համար աշխատանք փնտրողներին Արտաշատի զբաղվածության կենտրոնում հաշվառելու պատճառով: Ծրագիրն իրականացվում է առաջնահերթության սկզբունքով գյուղացիական տնտեսության հողի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձի' հողօգտագործողի համար, ովքեր որպես աշխատանք փնտրող հաշվառվել են զբաղվածության կենտրոնում: Այս քաղաքացիները ծրագրի շրջանակում օրավարձով աշխատել են' մշակելով իրենց սեփական հողատարածքը:
Լիլիթ Մաճկալյան