ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը, սկսած 1992թ.-ից, արդյունավետ կերպով համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը:

 

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն, ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

 

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: