Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։

Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ թարմացրեց Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի դժգոհությունը՝ հայտարարելով, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։

ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաև «Ազատությանն» է փոխանցել՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Մինչ Ադրբեջանը կրկին ակտիվացրել է բողոքները, Հայաստանի իշխանությունը ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։

«Տրամաբանական կլինի, որ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանի տարածքում, և որպես նաև, գիտե՞ք, տեղեկատվության վստահելի աղբյուր Եվրամիության համար», - երեկ «Ազատությանը» ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում