Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 4-ին ընդունել է Երկրապահ կամավորական միության պատվիրակությանը՝ միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումն Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:

 

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մանվել Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին' Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

 

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: