Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ ինստիտուտի ղեկավարության, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, իմ հրամանով պաշտոնից ազատվելու է երեք տեղակալ, համալրման, զորքերի ծառայության և դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը և մի շարք այլ անձնավորություններ՝ մինչև 30 հոգի, որոնց մի մասը կազատվեն զինված ուժերից, կնշանակվեն ավելի ցածր պաշտոնների և ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն զորքեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Օհանյանը:
Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ սպանությունը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների տիրույթում ծագած վիճաբանության արդյունքում: Նախարարը տեղեկացրեց, որ մինչ սպանությունը ինստիտուտում տեղի է ունեցել ոգելից խմիչքի օգտագործում մի քանի կուրսանտների կողմից, որից հետո վիճաբանություն է ծագել, որը եղել է նախկինում էթիկայի պահպանման հարցերի շուրջ' սպանվածի և մի շարք այլ կուրսանտների միջև: «Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ ծեծկռտուք է եղել, որին էլ արդեն հաջորդել է սպանությունը»,- պարզաբանեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ քրեական գործն արդեն հարուցված է և 4 կուրսանտ ձերբակալված է: «Բացի այդ, կան նաև ստորաբաժանումների հրամանատարներ, ովքեր պետք է վերահսկեին, սակայն դա չեն արել պատշաճ կերպով: Ծառայողական քննության արդյունքում բացահայտվել են բաղթողումներ, որոնք առաջին հերթին վերաբերում են դաստիարակչական աշխատանքներին»,- նշեց Օհանյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվում, որն արդեն տվել է դրական արդյունքներ:
«Այսօր կազմվել է հայրենիքի պաշտպանի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի համակարգ, որի շրջանակներում մենք լուրջ աշխատանք ենք տանում հատկապես միջանձնային հարաբերությունների խախտման, դրանց հետևանքով տարբեր պատահարների բացառման ուղղությամբ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը: