ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետվարի 4-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

 

Հանդիպմանը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

 

Հանդիպմանն անդրադարձ է արվել գարնանը նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։