Հալեպի Թիլել թաղամասը փետրվարի 4-ի կեսօրվա ժամերին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան է քանդվել, վնասվել են հարևանությամբ գտնվող բնակարաններն ու շենքերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են լսվում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն անակնկալներ մշտապես սպասելի են:

 

Սիրիական լիրան դոլարի դիմաց օրեցօր իջնում է, որին հետևում է սղաճը:

 

Հալեպի Ազիզիե թաղամասում հունվարի 30-ին վիրավորված 2 քույրերը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոտան մերձակայքում վիրավորված 1965թ.-ի ծնված Գևորգ Հալլաջյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Գևորգ Հալլաջյանը վիրավորված քույրերի հայրն էր: Պայթյունների պատճառով վնասներ էին կրել մերձակայքում գտնվող մեքենաները, բնակարանները, խանութները: