Հալեպի Սըրյան բնակելի թաղամասում փետրվարի 16-ին ահաբեկչական հարձակման հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունից տեղեկություններ են ստացվել, որ հրթիռակոծության հետևանքով ևս 2 տասնյակ մարդիկ են վիրավորվել, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հրասանդներն արձակվել են Բանի Զեյդ թաղամասից, որտեղ տարածվել է «Լիուա շահադա բադր» կոչվող ահաբեկչական խմբավորումը, որը հարձակումներ է իրականացնում քաղաքի անվտանգ թաղամասերի ուղղությամբ:
Մարդկային վնասներից բացի, ահաբեկչական հարձակման հետևանքով նյութական վնասներ են կրել բազմաթիվ տներ, խանութներ և մեքենաներ:
Հայաշատ Հալեպը 2012թ.-ի ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:
Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: