Հալեպում օգոստոսի 9-ի երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով զոհված հայորդիների հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Նոր Գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի Նոր Գյուղ թաղամասի վրա արձակված գազի պայթուցիկ տակառի բռնկման պատճառով զոհվել են երկու հայ' Մելքոն Պալյանը եւ Հարություն Սարգսյանը: Պայթյունի հետևանքով եղել են նաև վիրավորներ և նյութական կորուստներ:
Ժամեր անց' նույն օրը իր մահկանացուն է կնքել նաև պայթյունից ծանր վիրավորված Ժիրայր Պալյանը՝ Մելքոն Պալյանի եղբայրը: