Ժնևում' ՄԱԿ-ի' Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում փետրվարի 3-4-ը քննարկվել է Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության, ինչպես նաև իրավաբանական վարչության ներկայացուցիչները:

 

Զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում: Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցի հիմնական տարրերը, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ Հայաստանում իրականացված և նախատեսվող միջոցառումները:

 

Զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին' մասնավորապես, ներկայացնելով քննարկվող առարկայի շուրջ ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները:

 

Զեկույցի վերաբերյալ Կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը տեղի կունենա փետրվարի 11-ին:

 

Տեղեկանք: «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 5-ին: ՄԱԿ-ի' Բռնի անհետացումների կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Կոնվենցիայի իրականացումը անդամ պետությունների կողմից: