Թուրքիայի նախագահական նախկին' Չանքայայի պալատը, որն իրականում Հայոց ցեղասպանության հետևանքով խլվել էր հայ ընտանիքից, պաշտոնապես վերածվել է վարչապետի նստավայրի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական netgazete.com-ը:

 

Լրավամիջոցը նշում է, որ շենքի պատին արդեն փակցված է համապատասխան գրություն' «Թուրքիայի Հանրապետության վարչապետի նստավայր» վերտառությամբ:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրվելուց հետո հրաժարվել էր 91 տարի հանրապետության համար որպես նախագահական նստավայր ծառայած Չանքայայի պալատից: Նա որոշում էր կայացրել տեղափոխվել հատուկ իր համար կառուցված' աշխարհում ամենամեծը համարվող նախագահական նստավայր:

 

Չանքայայի պալատի շենքը պատկանել է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած Քասաբյանների ընտանիքին: Թեև պաշտոնական վարկածով նշվում է, որ Քասաբյանների ընտանիքը Չանքայա պալատը իրերի հետ միասին «վաճառել» է Բուլղուրլուզադեներին, սակայն հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդվարդ Չուհաջին, ով ներկայում բնակվում է Կանադայի Օտտավա քաղաքում, անձամբ պատմել է իրականությունը, որը թուրքական պետությունը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

 

Պալատն իրականում պատկանում է Անկարայի հայ բնակիչներից' Քասաբյանների ընտանիքում 1857 թվականին ծնված Հովհաննես Քասաբյանին: Մինչ 1915 թվականը Քասաբյանների ընտանիքը «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա և համարվում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը: 1915 թվականի օգոստոսին 1200 հայեր դուրս են բերվում Անկարայից և սպանվում: Անկարայի 1500 հայեր, արքեպիսկոպոսի հետ, օգոստոսի 29-ին արտաքսվում են Հալեպ, սակայն, Սիրիայի հյուսիսարևմտյան Մեսքենե վայր են հասնում նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասաբյանների ընտանիքի փեսաներից մեկին հաջողվում է Կոնիայի ճանապարհին քարավանից նրանց փախցնել Ստամբուլ, այնտեղից էլ' արտասահման: Քասաբյանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնվող իրերը ոչ մեկին չի վաճառել: Իրերը գողացվել են: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայան, այլ նաև Չեքիօրենում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը:

 

Ներկայում Չանքայայի շենքը պատկանում է Թուրքիայի խորհրդարանին, թեպետ դրա իրական տերերը Քասաբյանների ժառանգորդներ Էդվարդ Չուվաջին և Վերգին Քասապօղլուն են: